Նորավանք
Նորավանք (Ամաղու Նորավանք) XIII-XIVդդ կառուցված վանքային համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։
Խոր Վիրապ
Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք – Գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։ Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։
Տաթևի վանք
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է:
Հաղպատավանք
Հիմնադրվել է X-րդ դարի 2-րդ կեսին։ X-XIII դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից – XIV դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ XI-XIII դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ XI դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, XVIII դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։
Գեղարդի վանք
Գեղարդի վանքը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է, որը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Ամենահին հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ)։ Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Գառնի
Գառնի, ամրոց, հնավայր Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։
Սանահինի վանք
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:
Երևան
Երևանը, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Օշական
Օշական, գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք: Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները: Մակերես` 16,96 քառ կմ: Բնակչություն` 5106: Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը:
Բյուրական
Բյուրականը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում: Բյուրականը նաև ճանաչված է եղել որպես Պիրտական, Փիրական: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աստղադիտարան է Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով: Համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը:
Սաղմոսավանք
Սաղմոսավանք, վանք ՀՀ Արագածոտնի մարզում: Այն կառուցվել է 13-րդ դարերում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։ Սամսոնավանքը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Քասաղ գետի խոր կիրճի եզրին: 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն, որի արևմտյան ճակատում գտնվում են խաչքարեր:
Գոշավանք (նաև Նոր Գետիկ)
Գոշավանքը հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում: Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)` անվանելով Նոր Գետիկ։