Հայաստանն Արգենտինայի դեսպանի աչքերով. լավաշը, հայկական գորգն ու Հռոմի պապի գիրքը

 

 

news6

 

Արգենտինան Հայաստանի ամենախոշոր ներդրողներից է, իսկ հայերն արդեն երկար տարիներ ի վեր բնակվում են լատինաամերիկյան այդ երկրում: Վերջին շրջանում հայ-արգենտինական համագործակցությունը նոր մակարդակի է հասել:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան խոսել է երկկողմ համագործակցության, ազգային ըմպելիքի՝ մատեի, Հայաստանի նկատմամբ տածած սիրո, հայկական գորգերի և լավաշի հանդեպ ունեցած թուլության մասին: Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը: -Պարոն դեսպան, Ձեր դիմաց դրված բաժակում ինչ-որ հեղուկ է լցված: Պատմեք դրա մասին, ի՞նչ է դա:
— Սա մատե է կոչվում: Ազգային խմիչք է, որը և՛ թեյ է, և՛ երկրի խորհրդանիշ: Խմում են ընտանեկան կամ ընկերական միջավայրում, ընդ որում՝ նույն ամանից: Այդ ժեստը ցույց է տալիս այն մարդու հանդեպ ունեցած վստահության և մտերմության աստիճանը: Երբ մենք ուզում ենք մտերմիկ զրույց ունենալ մեր ընկերոջ հետ, զանգում և ասում ենք, որ պատրաստվում ենք հյուր գնալ նրա մոտ՝ մատե խմելու:
-Ինչպե՞ս եք հայտնվել դիվանագիտության ասպարեզում:
— Ես ուսանողական տարիներից հետաքրքրվում եմ միջազգային քաղաքականությամբ: Դիվանագիտությունը հոգեհարազատ է ինձ, այն հնարավորություն է տալիս միաժամանակ ապրել տարբեր տեղերում, ինչը նշանակում է տարբեր կյանքեր ունենալ: Ես ապրել եմ Բրազիլիայում, Քուվեյթում, ինքս արգենտինացի եմ, իսկ հիմա գտնվում եմ Հայաստանում: Դիվանագիտությունից առաջ լրագրողական փորձեր եմ արել, ուզում էի ծնողներիս պես զբաղվել այդ մասնագիտությամբ, սակայն բան դուրս չեկավ: Բրազիլիայում մի քանի տարի եղել եմ Արգենտինայի դեսպանատան մամուլի ծառայության պատասխանատուն:

-Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան:

— Արգենտինայում աշխատում էի արտաքին գործերի նախարարությունում: Ծառայության բերումով ծանոթացել էի այնպիսի հայերի հետ, որոնք որոշակի դեր էին խաղացել երկրի քաղաքական կյանքում: Մեր միջև հաստատվել էին շատ լավ և վստահելի հարաբերություններ: Երբ որոշվում էր այն հարցը, թե որպես դեսպան ում ուղարկել ձեր երկիր, իմանալով հայերի հետ իմ ընկերության մասին՝ ինձ նշանակեցին այդ պաշտոնում:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացրել Հայաստանում:
— Ինձ իսկույն գրավեց այն, որ Երևանն արմատապես տարբերվում է Բուենոս Այրեսից: Ես այնքան հիացած էի ձեր քաղաքով, որ յուրաքանչյուր անկյունը, յուրաքանչյուր քարն անթերի էի համարում ու լուսանկարում էի ամեն ինչ, քանի որ գիտեի՝ այդ ամենը ժամանակի հետ սովորական կդառնա: Լուսանկարներն այնքան լավ էին ստացվել, որ Բունեոս Այրեսում ինձ առաջարկեցին առանձին լուսանկարչական ցուցահանդես կազմակերպել՝ «Հայաստանն Արգենտինայի դեսպանի աչքերով»: Մենք շատ տարբեր ենք և շատ բաներով տարբերվում ենք, սակայն մեզ միավորում են ընդհանուր արժեքներ՝ ընտանիքի ինստիտուտը, ընկերությունը և շփման թեթևությունը:
-Սիրու՞մ եք ճանապարհորդել, Հայաստանում ո՞ր վայրն է ավելի շատ Ձեզ դուր եկել:
— Ես չեմ կարող կոնկրետ վայր նշել: Ամեն ինչ կախված է տարվա եղանակից. Սևանը և Լոռին սիրում եմ ձմռանը, աշնանը նախընտրում եմ լինել Դիլիջանում, վայելել Պարզ լճի գեղեցկությունը: Հայաստանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ վառ արտահայտված են տարվա բոլոր եղանակները: Շատ եմ սիրում մեքենա նստել և ինչ-որ տեղ մեկնել՝ երբեմն նույնիսկ կոնկրետ ուղղություն չընտրելով: Երբեմն մեկնում եմ քաղաքներ, որոնք չեն համարվում զբոսաշրջային գոտի, նստում եմ սրճարանում, սուրճ խմում: Վերջին անգամ այցելել եմ Սևանի մոտ գտնվող փոքրիկ մի քաղաք և տղաների հետ ֆուտբոլ խաղացել փողոցում: Ես նաև թուլություն ունեմ հայկական գորգերի նկատմամբ: Հայկական գորգերի հավաքածու ունեմ: Երբ մեկնում եմ Բունես Այրես, մտերիմներիս փոքրիկ հայկական գորգեր եմ նվիրում, որոնց վրա պատկերված է հայոց այբուբենը:

- Հայկական խոհանոցի ո՞ր կերակրատեսակն եք նախընտրում:

— Հետաքրքիրն այն է, որ այս հարցում մեծ տարբերություն կա հայկականի և արգենտինականի միջև: Արգենտինահայերի խոհանոցում հունական և լիբանանյան խոհանոցի տարրեր կան: Հայաստանում հիմնականում օղի և կոնյակ են խմում, իսկ Արգենտինայում գինի են նախընտրում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես պանրով, կանաչիով և լավաշով բրդուճ եմ սիրում:
— Օտար երկիրը, օտար բարքերն աններդաշնակության զգացում չե՞ն առաջացնում Ձեզ մոտ:
- Բարդություններ չեն եղել, քանի որ օտար մշակույթի հետ բախվելիս նախ գնահատում ես այն և համեմատում քո մշակույթի հետ: Համեմատության մեջ գտնում են դրական և բացասական կողմեր: Լինելով դիվանագետ՝ դու չես կարող ինչ-որ բանին լավ կամ վատ վերաբերվել, դու պետք է ընդունես այնպես, ինչպես այն կա: Ես Հայաստանում ինձ զգում եմ ինչպես Արգենտինայում: Իմ առաքելությունը երկրի շահերը պահպանելն ու պաշտպանելն է՝ առանց ազգայնամոլության և շովինիզմի:
-Ի՞նչ գիրք եք կարդում հիմա:
— Այս պահին կարդում եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նվիրած գիրքն աշխարհի ծագման և մարդկության մասին: Ինձ համար Հռոմի պապն իր ժամանակի հեղափոխականն է:
-Եվ վերջում մի փոքր անդրադառնանք քաղաքականությանը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-արգենտինական հարաբերությունները:
— Ամուր, լավ, երկար պատմություն ունեցող հարաբերություններ են: Բայց ինձ համար երկու տեսակ կա՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններ: Հայ ժողովրդի հետ հարաբերությունները սկսվել են 20-րդ դարում՝ հայերի զանգվածային արտագաղթից հետո: Հայաստանի և Արգենտինայի կապը սկսվել է այն պահից, երբ Հայաստանն անկախացել է: Իմ կարծիքով՝ հարաբերությունների երկու տեսակն էլ բարձր մակարդակում են, քանի որ մեր հայացքները համընկնում են տարբեր ոլորտներում: Արգենտինան Հայաստանի հիմնական ներդրողներից է, և այսօր մենք աշխատում ենք խորացնել առկա համագործակցությունը:

© 2017 | green way

design and development by g design group

Exchange Rates (11/24/2017 12:00:00 AM)
  • USD 483.9900
  • EUR 574.4000
  • MDL 27.9000